ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երեւան ժամանած պատվիրակության հետ։ Նախարարին է ներկայացվել ընկերության հիմնական գործունեությունը շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի եւ ճանապարհների կառուցում եւ շինարարություն։China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։

Նախարար Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության եւ էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նախարարը մասնավորապես անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է նաեւ Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, եւ ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։