ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցել է «Ավիացիայի զարգացումը եւ հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին:
ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումի ընթացքում քննարկվել են համաշխարհային քաղաքացիական ավիացիայի ոլորտի նոր մարտահրավերները, դրանց արձագանքելու համար պետությունների կողմից անհրաժեշտ միջոցառումները եւ ոլորտի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կարեւորությունը:
Կարեւորվել են, հատկապես, համաշխարհային ուղեւորափոխադրումների ծավալի աճի պայմաններում անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը եւ վերջին շրջանում նկատելի զարգացում ապրող անօդաչու սարքերի շահագործման կարգավորումը:
Ֆորումի շրջանակներում Սերգեյ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով երկուստեք կարեւորության հարցեր եւ ձեռք բերել հետագա համագործակցության պայմանավորվածություններ:




























