ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը՝ Սինգապուրում ընկերության ներդրողների ծառայության սուվերեն ռիսկերի խմբի վերլուծաբան Մեթյու Սրքոստայի գլխավորությամբ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի եւ ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձեւավորման վրա։ Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի մասին՝ նշվել է, որ Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը. «Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա»,-ընգծել է նախարարը։
Դրան զուգահեռ իրականացվում է ընդերքի մասին առկա ողջ տեղեկատվության թվայնացում եւ ինտերնետ հասանելիության ապահովում։ Այս ուղղությամբ աշխատանքները կավարտվեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլորի համար։ Փոփոխություններ են նախապատրաստվում նաեւ ընդերքի մասին օրենսդրության մեջ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել միայն բաց եւ թափանցիկ աճուրդների միջոցով։
Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Նշվել է, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաեւ ջրային տնտեսության ոլորտում։
Պատասխանելով էներգետիկ կայանների, մասնավորապես ՀԱԷԿ-ի սեյսմակայունության վերաբերյալ պատվիրականության անդամների հարցին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այդ առումով առաջիներից է աշխարհում։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի էներգետիկ եւ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։




























