ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ՝ հուլիսի 13-ի երեկոյան, կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով  մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու եւ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր եւ մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում եւս համայնքային հանձնաժողով կկազմվի, կներգրավվեն նաեւ մարզային հանձնաժողովի աշխատակիցներ, կկատարվեն հաշվարկներ, եւ 50 տոկոս ու ավել վնասվածության դեպքերը կներկայացվեն կառավարություն»,- նշել է փոխնախարարը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկման արդյունքում պարզվել է, որ Արտաշավանում  որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում պտղի ապրանքային տեսքն է տուժել:

Աշոտ Հարությունյանի խոսքով` Վայոց ձորի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` կարկուտ է տեղացել նաեւ մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, որտեղ նույնպես համայնքային հանձնաժողով է կազմվել  վնասի չափերը գնահատելու նպատակով: