Հյուսիսային Կորեան մտադիր է պատասխան գործողությունների դիմել, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունի՝ կապված «Հավսոն-14» բալիստիկ հրթիռի Փհենյանի վերջին փորձարկման հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ուրբաթ տարածած ԿԺԴՀ-ի ԱԳՆ հայտարարությունը։

«Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում կրկին պատժամիջոցների վերաբերյալ բանաձեւ ընդունվի, մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք եւ արդարացի գործողություններով կպատասխանենք»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Իր հերթին, հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը նշել է, որ ԿԺԴՀ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի միջոցների մասին է խոսքը։

«Մեր ռազմավարական կարգավիճակին նայելու եւ մտածելու փոխարեն ԱՄՆ-ն ճնշման եւ հանրապետության դեմ պատժամիջոցների քաղաքականություն է վարում եւ դրանով հանդերձ սեփական ձեռքերով փորում իր գերեզմանը»,-ասվում է Փհենյանի հայտարարությունում։