Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում, եւ որեւէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որեւէ երկրից, թե Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորմ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով անդրադառնալով Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է պետք տալ:
«Մինչեւ չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք: Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, ըստ որի Հայաստանը ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ եւ բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն: Նաեւ ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն:
Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն: Սխալվելը ամոթալի չէ, սխալները չուղղելն է ամոթ, իսկ դա մեզանից բացի ոչ ոք մեր տեղը չի անելու»,-նշել է Թեւան Պողոսյանը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:
2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։




























