Հայաստանի տարածքային զարգացումն արդյունավետ չի լինի առանց երկրի համայնքների ակտիվացման: Այս մասին հուլիսի 19-ին հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ելույթ ունենալով տարածքային զարգացման «Տարածաշրջանային եւ տեղական խաղացողների ջանքերի միավորումը ռազմավարական նպատակների ակտիվացման համար» թեմայով համաժողովում:

Նրա խոսքով՝ մեկ շաբաթ առաջ գրանցվել է ամենամեծ հաջողությունը՝ կառավարությունը հաստատել է երկրի 10 մարզերի զարգացման ծրագրերը: «Ինչպե՞ս է ֆինանսավորվելու Հայաստանի տարածքային զարգացումը: Մենք միջանկյալ ճանապարհով կգնանք՝ նախարարությունները, մարզպետների հետ համաձայնեցնելով, մարզերում ներդրումներ կկատարեն»,- նշեց Լոքյանը՝ շարունակելով, որ այս ամենն անհնար է իրականացնել առանց տեղական խաղացողների ակտիվացման:

«Մենք չենք կարող լուրջ տնտեսական ծրագիր իրականացնել առանց համայնքների ակտիվ մասնակցության: Պետությունն անչափ լուրջ է վերաբերվում երկրի հավասարաչափ զարգացման ապահովմանը: Մենք համայնքների ֆինանսավորման խիստ չափանիշներ կունենանք»,- հավելեց նախարարը: