Հուլիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» եւ  «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:

Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել  2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը եւ նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները եւ այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին եւ  հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական  նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: