Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղասեղանին է դնում Գերմանիայի եւ Թուրքիայի բազմամյա համագործակցությունը, անհրաժեշտ է ճիշտ պատասխան գտնել նրա գործողություններին: Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն այսպիսի կարծիք է հայտնել կիրակի երեկոյան հրապարակված Bild պարբերականի հետ հարցազրույցում:

«Հիմա պետք է Էրդողանի գործողություններին ճիշտ պատասխան գտնել: Նա խաղասեղանին է դնում Թուրքիայի եւ Գերմանիայի բազամամյա գործընկերությունը»,- կարծում է Շոյբլեն: Նրա խոսքով՝  սա «իրադրության դրամատիկ զարգացում է», քանի որ գերմանացիներին եւ թուրքերին «շատ բան է կապում»:

«Սակայն մենք չենք կարող թույլ տալ մեզ շանտաժի ենթարկել»,- ընդգծել է Շոյբլեն:

Անցած հինգշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Երկկողմանի հարաբերությունների սրման վերջին գալարը գրանցվել է Թուրքիայում 6 իրավապաշտպանների ձերբակությունից հետո, որոնց թվում է եղել գերմանացի Պետեր Շթոյդթները:

Նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: