Հայաստանի Ֆինանսների նախարարությունը գույքահարկի սահմանման նոր մոտեցումներ կառաջարկի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Նախարարությունն արդեն կառավարությանը բարեփոխման տարբերակներ է առաջարկել, սակայն առայժմ դրանք ետ է վերցրել վերջնամշակելու համար:

Հիմնական գաղափարը հողի եւ գույքի կադաստրային արժեքը (դրանցից հարկ է պահվում) շուկայական գներին հասցնելն է: Սակայն այս դեպքում հարկերը կաճեն ոչ միայն «դղյակների», այլ նաեւ «խրճիթների» համար: Իսկ կառավարության համար գլխավորը միջին եւ ոչ հարուստ խավի համար նոր բեռ չստեղծելն է: «Ուստի անհրաժեշտ է հասկանալ՝ եթե հարկերը մեծացվեն, ապա ում համար եւ որքան արագ»,- պարզաբանեց փոխնախարարը:

Գաղափարներից մեկը (վերջնական չէ) հետեւյալն է՝ ոչ թանկարժեք տների կադաստրային արժեքի աճը (եւ հարկի մեծացումը) կբաշխեն 10 տարվա վրա, միջինի համար՝ 5, իսկ գերթանկարժեքների համար միանգամից ուժի մեջ կմտցնեն: «Մենք ցանկանում ենք կառավարությանը ցույց տալ, որ սոցիալական բեռ չի լինի, կամ այն նվազագույն կլինի: Հարկերը կարող են մի փոքր բարձրանալ, որովհետեւ կադստրային արժեքը բոլորի համար է վերահաշվարկվում: Սակայն եկեք 10 տարում սրան ինչ-որ կերպ ընտելանանք: Իսկ ահա էլիտար տների սեփականատերերը միանշանակ կսկսեն ավելի շատ վճարել, ըստ որում՝ միանգամից: Ահա ուղերձը, որ ցանկանում ենք հանրությանը փոխանցել»,- «հուսադրեց» Անանյանը:

Նրա խոսքով՝ մեգաառանձնատների համար հարկերի բարձրացումը ոչ միայն կմեծացնի սոցիալական արդարության զգացումը, այլեւ կօգնի պայքարել ստվերային բիզնեսի դեմ: Եթե պետությունը նրան նույնիսկ տեղում չբռնի, ապա կհասնի եզրագծին՝ շքեղության իրերի վրա փողը լվանալիս: