ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուրջ ութ ամիս է՝ ուսումնասիրում է ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան գարեջուր» ընկերության դիմում բողոքը:
«Մինչ օրս դեռ որոշում չի կայացվել մեր ներկայացրած դիմումի կապակցությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի կողմից իր ընկերությանը տուգանելու խնդրին:
«Մենք բողոքարկեցինք այդ որոշումը հանձնաժողով, նոր փաստեր ներկայացրեցինք, որոնք մանրակրկիտ ստուգվում են, եւ երբ որ որոշում կայացվի, կհայտնենք այդ մասին։ Հիմա իրենք էլ զբաղված են, միայն մեր գործը չի, նայում են, փաստեր են ուզում, 10 օրը մեկ փաստեր ենք տրամադրում, իրենք էլ մանրակրկիտ ուսումնասիրում են»,–ասաց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի հանձնաժողովից հիմա, երբ արդեն պատգամավոր չէ, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ո՞նց եք կարծում, երբ որ դատի էի տալիս, ինչ կապ ուներ պատգամավորը: Ոչ, երբեք, ոչ մի անգամ պատգամավորի մանդատը որեւէ հարցում չեմ գործադրել եւ չեմ ուզել որեւէ մեկին ցույց տալ, որ ես պատգամավոր եմ ինչ–որ հարցերում, ցանկացած հարց օրենքի սահմաններում լուծում է ստացել»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016–ի նոյեմբերին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել էր «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով։ Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Երեւան Գարեջուր» ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում էր արձանագրվել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հակոբ Հակոբյանը, որն այն ժամանակ դեռեւս ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, իրեն պատկանող ընկերության տուգանքի որոշման դեմ նախ դիմում բողոք էր ներկայացրել հանձնաժողով, ապա սպառնացել, որ դատի է տալու։
Այժմ, հանձնաժողովը պետք է ուսումնասիրի տուգանքի հիմնավորվածությունը, եթե չեղյալ չհամարի, ապա նախկին պատգամավորը մտադիր է այն վիճարկել դատարանում։
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանը երկու անգամ տուգանվել է հարկային ծառայության կողմից, ինչի դեմ ներկայացրած հայցերը լուծվել են գործարանի օգտին։




























