Շուրջ կես հարյուրամյակ առաջ ապրանքների վրա գնապիտակ, որպես այդպիսին, չկար: Նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Խանութներում իրավիճակը նման էր շուկայում ապրանքների վաճառքին: Այլ կերպ ասած՝ գնորդը ստիպված էր վաճառողից հարցնել ապրանքի գինը, իսկ նա կարող էր ցանկացած գին ասել՝ կախված գնորդի վճարողունակությունից:
19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի բան, որը կարելի է, առանց չափազանցնելու, հեղաշրջում համարել մանրածախ առեւտրում: Լանքասթեր քաղաքի խանութներից մեկում Ֆրենկ Վուլվորթ անունով վաճառողն իրականացնեց ինքասպասարկման ձեւով ապրանքների վաճառքի իր հանճարեղ գաղափարը:
Նա նաեւ յուրաքանչյուր ապրանքի վրա ստվարաթղթե փոքրիկ կտոր փակցրեց՝ նշելով դրա գինը: Այսպես, պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մեզ համար սովորական դարձած գնապիտակը: Բացի այդ՝ Վուլվորթը սկսեց լայնորեն զեղչեր կիրառել, որի՝ մեր երկրում կիրառման մասին կխոսենք ավելի ուշ:
Համացանցի հայտնվելուց հետո առեւտրային կազմակերպություններն իրենց ծառայությունները, ապրանքների տեսականին լայնորեն գովազդելու նոր հնարավորություն ստացան: Թվում է՝ ավելի պարզ բան չկա, քան կայքում ապրանքների գները նշելը: Ասենք՝ հեռուստացույցը կաղամբ չէ, որի գինը շուկայում առավոտյան այլ է, աշխատանքային օրվա ավարտին՝ այլ: Նույն հեռուստացույցի գինը խանութում նշված է, իսկ ահա ֆիրմայի կայքում՝ ոչ:
Կարելի է հիշել նաեւ բնակարանների վաճառքի դեպքում «պայմանագրային» գնի մասին: Ինչո՞ւ ոչ ֆիքսված, այլ պայմանագրային, միայն ենթադրել կարելի է: Բայց այդ հայտարարությունների հեղինակները կա՛մ տան սեփականատերն են, կա՛մ բրոքերներ: Այլ ոչ ֆիրմաներ, որոնք խանութների ցանց ունեն: Իհարկե՝ լինում են նաեւ բացառություններ: Դրանք հիմնականում համակարգչային տեխնիկա վաճառող խանութներն են:
Առեւտրի մասնագետներից մեկի խոսքով՝ հաճախ այսպիսի պրակտիկա է կիրառվում. հայտարարվում է ինչ-որ տոկոսով ապրանքի գնի զեղչի մասին, սակայն այստեղ, ամեն դեպքում, բացակայում է ապրանքի գինը զեղչից առաջ եւ հետո:
Զարգացած երկրների մանրածախ առեւտրային ֆիրմաների կայքերում (նաեւ նախկին խորհրդային մի շարք պետություններում) ապրանքների գները, որպես կանոն, նշվում են: Մեզ մոտ խոշոր առեւտրային ֆիրմաների կողմից գները «թաքցնելու» պրակտիկան, որը ոտնահարում է սպառողների իրավունքները, շարունակվում է երկար տարիներ: Հավանաբար, այդ հարցը հարկավոր է կարգավորել նորմատիվ ակտերով:
Սմբատ Գրիգորյան




























