Օրերս վենդետայի փորձ է եղել Ստեփանակերտում: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, նոյեմբերի 19-ին Հադրութի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունահեղության հետեւանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների հարազատները փորձել են մտնել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ եւ վրեժխնդիր լինել այնտեղ գտնվող 19-ամյա Մանվել Հազրոյանից:

Նշենք, որ առանջնային բնագծերում տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել էին 4, եւ վիրավորվել եւս 4 զինծառայողներ, որոնցից մեկին՝ Մանվել Հազրոյանին մեղադրանք է ներկայացվել իր ծառայակիցներին սպանելու համար: Հազրոյանի մեղքն ապացուցվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Թերթը հայտնում է, որ մահացածների եւ վիրավորների հարազատներին ապատեղեկատվություն է հասել, թե Երեւանում գտնվող Սարգիս Մելքումյանը մահացել է զինվորական հոսպիտալում: «Մելքումյանի եւ մյուսների հարազատները հոսպիտալի մոտ զինված «բունտ» են բարձրացրել եւ փորձել են մտնել Հազրոյանի մոտ ու վրեժխնդիր լինել նրանից»,- պատմել է Հազրոյանի պաշտպան Արմեն Սիմոնյանը:

Զոհերի եւ վիրավորների հարազատներին չի հաջողվել մտնել հոսպիտալ, քանի որ մուտքը փակել են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Հավաքված բազմությունը, սակայն, միանգամից չի ցրվել: Մի քանի ժամ շարունակ նրանք մնացել են հոսպիտալի մուտքի մոտ, հետո միայն հեռացել են՝ սպառնալով նորից վերադառնալ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է  զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով: