Կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու եւ ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաեւ եւս 5 անձի, այդ թվում մաքսային ձեւակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ այլ բնույթի հանցագործությունների դրվագներ:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին: Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը: Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը եւ, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական եւ օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը:
Միաժամանակ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ:
Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել եւ կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի եւ Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով եւ ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը:
Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար:
Այսպիսով, կատարած հանցավոր արարքների համար մեղադրանքներ են առաջադրվել.
Երեմ Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,
Արմեն Էբոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,
Մարտին Ամիրխանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,
Արտյոմ Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,
Հերիքնազ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
Վարդգես Սիրականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:


























