Երկու հոգեբաններ ատենակալների դատարանի առաջ կկանգնեն 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ձերբակալվածների հարցաքննության համար կտտանքների մեթոդները առաջարկելու համար։

Վաշինգտոնի դաշնային դատարանը բավարարել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության հայցը, որը ներկայացվել էր երեք նախկին բանտարկյալների անունից։ Նշվում է, որ սա կտտանքների հարցով առաջին դատավարությունն է։

Հոգեբաններ Ջեյմս Միթչելին ու Բրյուս Ջեսսենին 2002-ին ԿՀՎ-ն էր աշխատանքի ընդունել, որպեսզի նրանք օգնեն կառուցել ու իրականացնել ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննությունները։ Երկուսին էլ վճարվել է 80 մլն դոլար։ Հոգեբաններն օգնել են հարցաքննել Խալիդ Շեյխ Մոհամմեդին, որը համարվում է ահաբեկչության կազմակերպիչն ու «Ալ Կաիդա» խմբավորման անդամ Աբու Զաբայդախին։

Հայցում նշված է, որ Ջեսենն ու Միթչելը պատասխանատու են Սուլեյման Աբդուլա Սալիմի, Մոհամեդ Ահմեդ բեն Սուդի ու Գուլ Ռահմանի կտտանքների համար։ Առաջին երկուսին ազատ են արձակել տարիներ անց, իսկ վերջինը մահացել է հիպոտերմիայից ԿՀՎ բանտերից մեկում։ Նշում են, որ հոգեբաններն առաջարկել են կտտանքների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ջրի մեջ խեղդելը, շղթայելը, քաղցած պահելը։

Դատարանը հերքել է հոգեբանների այն վստահեցումները, որ իրենք պատասխանատու չեն ԿՀՎ-ի իրականացրած բոլոր հարցաքննությունների համար ու առնչություն չունեն վերոնշյալ երկու նախկին բանտարկյալների հարցաքննությունների հետ։ Նրանք հավաստիացնում են, որ պատասխանատու չեն «հարցաքննության խստացված տեխնիկայի» համար, ընդամենը ԿՀՎ-ին են ներկայացրել մեթոդների ցանկ, որոնցից նրանք կարող էին ընտրություն կատարել։ Նրանց խոսքով՝ այդ տեխնիկան կիրառելու մասին որոշումը ԿՀՎ-ն է կայացրել ու այն հաստատվել է Արդարադատության նախարարության կողմից, ինչի կապակցությամբ իրենք չեն կարող դրա համար պատասխանատու լինել։