ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում:
Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ծավալային գոյացություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացիոնար բժշկական հետազոտություն իրականացնելու եւ բուժումը կազմակերպելու նպատակով զինապարտն ընդունվել է զինվորական հոսպիտալ:
Իրականացված բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ բժիշկ-մասնագետների կոնսուլտացիաներից հետո Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զինապարտը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ հաշվառվել պահեստազորում:




























