Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը շարունակում է պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Նա նշեց, որ Արկադի Քոչինյանը նաեւ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իրեն առաջադրված մեղադրանքի դեմ եւ պահանջել փոխել իր խափանման միջոց կալանքը: Նա մի քանի օր հացադուլ անելուց հետո՝ դադարեցրել է այն: Ըստ պաշտպանի՝ պաշտպանյալի առողջական վիճակը հացադուլից հետո բավարար է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։




























