Հայաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Այս մասին օգոստոսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայանտառ» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ դրա հետ մեկտեղ, վերջին օրերին գրանցված բարձր ջերմաստիճանը նույնպես իր բացասական դերակատարումն է ունեցել հրդեհների տարածման մեջ: «Խորհրդային տարիներից սկսած մեզ մոտ նման ծավալի հրդեհներ չեն գրանցվել: Ըստ վիճակագրության՝ 1998 թվականից սկսած Հայաստանի տարածքում այրվել է մոտ 3000 հեկտար անտառ: Իսկ վերջին օրերին, միայն մոտավոր տվյալներով, այրվել է արդեն 700 հեկտար»,- դժգոհեց պաշտոնյան:
«Հայանտառի» փոխտնօրենը նշեց, որ սաղարթավոր ծառերը հնարավոր է համեմատաբար հեշտ վերականգնել: Գործը շատ ավելի բարդ է գիհիների դեպքում: Ավելին՝ «Խոսրովի անտառում» եւ «Արտավանի անտառում» ամենից ավելի տուժել են հենց գիհիները:
Վերականգնման եւ ունեցած անտառների գույքագրման նպատակներով 2018 թվականին պետական բյուջեից «Հայանտառին» կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ: Նախատեսվում է վերականգնել մոտ 1000 հա անտառ:




























