Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստին ցուցմունք է տվել գործով ամբաստանյալ Միքայել Զաքարյանը, որը նշել է, թե Հոհաննեսի վրա ինքը չի կրակել, կրակողը եղել է ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկը: Հովհաննես Հարությունյանի մայրը՝ տիկին Լյուդան, NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալի այս արարքը որակեց որպես «ստորություն»:
«Ասաց, որ քաշքշուկ չի եղել, զենքը տվել է Հովոյին գնացել է զուգարան, հետ է եկել, վերցրել է զենքը, հեռացել է իրենից: Ինքը հիշում է ամեն ինչ, բայց չի հիշում՝ կրակեց, թե չէ, ձայնը հեռվից լսել է, թե չէ, չի հիշում կրակոցից հետո վառոդի հոտ եկել է, թե չէ: Այնպիսի տղայի անուն է տալիս, որ իբր խփել է Հովոյիս, որ անհարմար է անգամ ասելը: Էդ տղան ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է, հարցնում են՝ էդ տղաների անունները որ տալիս ես, գոնե գիտե՞ս, թե նրանք որտեղ են, ասում է՝ հա գիտեմ, մեռել են, այ այսպիսի արհամարհանքով է խոսում էդ տղաների մասին»,-ասաց տիկին Լյուդան:
Նրա խոսքով, գործով մյուս ամբաստանյալներից Սամվել Զեյնալյանն էլ ասել է, որ հստակ տեսել է, թե Միքայելը ոնց էկրակել Հովհաննեսին:
Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստին ցուցմունք են տվել զորամասի վաշտի եւ գումարտակի հրամանատարները: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան, նշեց, որ երկու հրամանատարն էլ նշել են, որ Հովհաննեսը եղել է դրական եւ օրինակելի զինծառայող:
Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը վիճաբանության մեջ է մտել համածառայակից Հովհաննես Հարությունյանի հետ եւ ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել վերջինի վրա եւ սպանել: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փորձաքննության արդյունքներով ապացուցվում է, որ 19-ամյա զինծառայողին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղավոր է: Բացի այդ, փաստաբանի խոսքով, համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:
Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:




























