Ուզբեկստանի առաջին նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի շվեյցարացի փաստաբան, փաստաբանների ժնեւյան կոլեգիայի նախագահ Գրեգուարու Մանժային դեռեւս չի հաջողվել տեղեկություններ ստանալ նրան պահելու վայրի եւ պայմանների մասին կամ նրա հետ կապ հաստատել:
«Ես փորձում եմ այս տեղեկությունները ստանալ: Հույս ունեմ ինչ-որ բան իմանալ սեպտեմբերի կեսին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մանժան:
2013 թվականի հոկտեմբերին Քարիմովայի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման եւ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով, որոնք 2001-2013 թվականներին կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի կազմում: 2015 թվականի օգոստոսին դատարանը նրան 5 տարվա ազատազրկման է դատապարտել: 2016-ի սեպտեմբերին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ նրա դուստր Գյուլնարան սպանված է, սակայն այն չի հաստատվել: Ժնեւից փաստաբան Մանժան հայտարարել է, որ նրան 2016-ի դեկտեմբերին Տաշքենդում է տեսել: Նրա խոսքով՝ Քարիմովան առողջ էր, սակայն նրա պահման պայմանները չէին համապատասխանում միջազգային նորմերին:
Հուլիսի վերջին Ուզբեկստանի դատախազությունը հայտնել է, որ Քարիմովայի դեմ շարունակվում է մի քանի այլ մեղադրանքներով քրեական գործի քննությունը, նրա նկատմամբ ընտրվել է հսկողության տակ պահելու խափանման միջոց:



























