Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկայացվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում մշակված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի ու բնակիչների համար ծրագրի կարեւորությունը, համոզմունք է հայտնել, որ «Կանաչ քաղաք»-ի իրագործումը կարեւոր նշանակություն կունենա քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից:
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիմի ղեկավար, Ծրագրի խորհրդատու ճանաչված միջազգային «Էրնստ ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչ Անդրեա Չիրլիչովան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հատկանշել է, որ «Կանաչ քաղաք»-ի հիմնական նպատակն է անդրադառնալով մայրաքաղաքի բնապահպանական մարտահրավերներին՝ խթանել քաղաքի տնտեսական եւ սոցիալական աճը:
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագրի ընդհանուր դրույթներն ու ռազմավարությունը, համայնքի բնապահպանական մարտահրավերները եւ ըստ ոլորտների նախատեսված քայլերն ու թիրախային այն խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան ծրագրի իրականացման արդյունքում: Մասնավորապես ուսումնասիրությունների շրջանակում գնահատվել է մայրաքաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները եւ առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։
Նշվել է նաեւ, որ գործողությունների ծրագիրն անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատում, որի շրջանակում կազմակերպվել են հանրային լսումներ:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ծրագրի հետ կապված իր դիտարկումներն ու առաջարկները: Հաշվի առնելով, որ Երեւանի բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը մայրաքաղաքի զարգացման ծրագրերի հիմնական գերակայություններից է՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը կընդգրկվի Երեւանի զարգացման ծրագրերում:
Նշենք, որ «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը նախատեսված է տեղական գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:




























