Գերմանիայի Բավարիայի դաշնային հողերի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը քննադատել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ մտնելու մտադրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շրյոդերի գործողությունները բացարձակապես անընդունելի են: Այսպես չպետք է լինի: Մարդը, որը նախկինում դաշնային կանցլեր է եղել, մասնավոր անձ չէ: Եթե նա, այնուամենայնիվ, իրեն այդպիսին է համարում, թող ծառայողական մեքենայից եւ թիկնազորից հրաժարվի»,- Funke-ի հետ զրույցում հայտարարել է նա:

Ինքը Շրյոդերը իր որոշումն «անձնական գործ» է համարել եւ կշտամբել է կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությանը Բունդեսթագի սեպտեմբերին անցկացվող ընտրությունների նախաշեմին այս բանավեճը ծավալելու փորձի համար:

Գերմանիայի օրենքներով՝ քաղաքական գործիչը, ում լիազորությունները կանցլերի պաշտոնում ավարտվել են, կարող է պետության հաշվին օգտվել ծառայողական մեքենայից, վարորդից, ինչպես նաեւ անձնական պահպանության ծառայությունից: Դրանից բացի, կառավարության նախկին ղեկավարները կարող են Բունդեսթագում բյուրո ունենալ: