«Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ-ի դրամարկղից գումար հափշտակելու մեջ մեղադրվող Վանիկ Մկրտչյանի գործը Վճռաբեկ դատարանն ուղարկել է  Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 5 տարվա ազատազրկման դատապարտված Վանիկ Մկրտչյանը դիմել էր Վճռաբեկ՝ պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Նա գտնվում է կալանքի տակ:

Վանիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության գանձապահ, իրականացնելով ընկերության դրամարկղի դրամական միջոցների պահպանումը, շարունակաբար, մաս-մաս 2014թ. նոյեմբերի 03-ից մինչեւ 2015թ. մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Երեւանի էլեկտրատրանսպորտ»  ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված` ընկերության Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 44 հասցեում տեղակայված կենտրոնական դրամարկղ մուտքագրված գումարներից 27.114.982 ՀՀ դրամը հիշյալ ընկերության գույքային ֆոնդից դուրս բերելով` օգտագործել է իր անձնական կարիքների համար` այդ կերպ կատարելով իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ Յուրացնելը կամ վատնելը: