«Խոսրովի անտառ» արգելոցում կենսաբազմազանությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ծառատունկ իրականացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է նեղ մասնագետներից կազմված խումբ ստեղծել, հասկանա արգելոցին հասցված վնասի չափը եւ ծառատունկ կազմակերպել: Բնապահպանի խոսքով, եթե արգելոցում ծառատունկ կազմակերպելու հարցը չլուծվի, ապա հնարավոր է ավարտվի արգելոցի կառուցապատմամբ:

«Ես կարծում եմ, որ պետք է նեղ մասնագետների խումբ ստեղծել եւ քննարկել «Խոսրոսվի անտառ» արգելոցում ծառատունկ կազմակերպելու հարցը: Եթե չօգնենք արգելոցին, վախենում եմ, որ կվերջանա նրանով, որ հայտարարեն՝ չի վերականգնվում եւ կառուցապատեն: Ժամանակին եղավ, երբ  փորձեցին Բիլանի տարածքը Խոսրովից հանել եւ տնտեսական գոտի որպես օգտագործել եւ տնտեսական գործունեություն ծավալել: Մենք թույլ չտվեցինք, կառավարության հետ վիճեցինք եւ ի վերջո Բիլանի տարածքը արգելոց վերադարձավ: Հիմա, եթե այս տարածքն էլ այսպես թողնենք, կարծում եմ, որ սրա վերջն էլ այդպես կլինի»,-ասաց նա:

Կարինե Դանիելյանը նշեց՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, թե արգելոցային տարածքում մարդկային միջամտությունն արգելված է, ընդունելի է, սակայն, ստեղծված իրավիճակում արգելոցն անտեսված չի կարելի թողնել. «Համաձայն եմ նախարարի հետ, որ արգելոցային տարածք է եւ հնարավորինս պետք է քիչ միջամտել, բայց իրավիճակն այնպիսին է, որ կարծում եմ, որ լուրջ միջամտություն է անհրաժեշտ: Նախարարությանն առընթեր գիտատեխնիակական եւ հասարակական կազմակերպությունների խորհուրդ կա, հույս ունեմ, որ այդ հարցերը կքննարկվեն»:

Բնապահպանի խոսքով, ճիշտ կլինի, որ արգելոցում ծառատունկը աշնանը կազմակերպվի. «Եթե ինչ-որ բան արվի, ավելի ճիշտ է աշնանը կազմակերպել: Դեռ շատ շուտ է, պետք է վնասը գնահատել, ծրագիր մշակել, հետո նոր ծառատունկ իրականացնել: Չեմ կարծում, որ ամբողջ արգելոցում ծառերի տեսակներն այրվել են, մնացածները հնարավորություն կտան օգտագործել այդ տեսակի ծառերն արգելոցի այլ վայրերում տնկել»:

Նշենք, որ ԱԻՆ նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հեկտար տարածքից հրդեհի հետեւանքով 250 հեկտար անտառային տարածք է տուժել: