Օգոստոսի 24-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երեւանի բնակիչ 45-ամյա Գուրգեն Մ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11:10-ի սահմաններում իր տուն է մտել մի հոգի, հարվածել որդուն՝ 24-ամյա Մառլեն Մ.-ին, այնուհետեւ տունն ամբողջովին տակնուվրա է արել՝ իր հետ տանելով 5 հազար դոլար:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ հայրն ու որդին դեպքի վայր ժամանած ոստիկաններին կպատմեին, թե ինչպես է հանցագործը ներթափանցել տուն եւ թալանել, ոստիկանները պարզել են, որ ամիսներ առաջ տղան ծանոթանում է Քրիստինե անունով մի աղջկա հետ, ով հետո նրան հայտնում է, որ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ ունի եւ ինքն այդ ամենը համացանցում կտարածի ու այդ սպառնալիքի տակ պահանջում է 5 հազար դոլար:

Պարզվել է, որ Մառլեն Մ.-ն ծնողներից թաքուն օգոստոսի 21-ին գումարը վերցնում է եւ տալիս Քրիստինեին, հետո արդեն, որպեսզի ընտանիքի անդամները չկասկածեն իր վրա, կազմում է այդ կեղծ հարձակումը տան վրա՝ մինչ այդ խառնելով տան ննջասենյակի իրերը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ շորթում կատարած Քրիստինեին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գուրգեն Մ.-ն աշխատում է նախարարություններից մեկի ԾԻԳ-ում՝ որպես տնտեսագետ: