Երեւանի տրանսպորտի խնդրի լուծմանն ուղղված փաստաթուղթը, որի համար շուրջ 1 մլն դոլար է ծախսվել, իրենից որեւէ արժեք չի ներկայացնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով տրանսպորտի խնդրի լուծման համար ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը:
Նրա խոսքով, չի բացառվում, որ այդ փոփոխությունների հետեւանքով տրանսպորտի սակագինը բարձրանա:
«Երկիր Ծիրանիի» անդամը նշեց, որ փոխքաղաքապետ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ ստեղծված խումբն, ըստ էության, մսխում է պետական գումարները, որը խորհրդատու անգլիական կազմակերպություն է ներգրավել տրանսպորտի խնդիրը լուծելու համար:
«Այդ արժեք չներկայացնող փաստաթղթի համար մենք՝ երեւանցիներս, մեր գրպանից, մեր քաղաքային՝ առանց այդ էլ սուղ բյուջեից վճարում ենք շուրջ մեկ միլիոն դոլար գումար: Ինչի՞ համար, առ ոչինչ փաստաթղթի համար այն դեպքում, երբ կան բազմաթիվ անտուններ, երբ մենք ունենք շուրջ 8 մլրդ դոլար արտաքին տնտեսական պարտք»,-ասաց Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում էլ կային մասնագետներ, որոնք կարող էին գնալ ուսումնասիրել արտերկրի փորձը. «Հայաստանի քաղաքացին շատ ավելի լավ է տիրապետում տրանսպորտի խնդրին, շատ ավելի լավ է տիրապետում մեր մտածելակերպին, մեր ժողովրդի վիճակին, քան անգլիական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք աշխարհում ընդունված իրենց փորձը ցանկանում են այսպես ասած՝ «copy past» անել, բերել, մտցնել մեր համակարգ. բնականաբար այդ համակարգը չի աշխատելու»:
«Երկիր Ծիրանիի» խմբակցությունից Սոնա Աղեկյանն էլ նշեց, որ քաղաքապետարանում որոշումների վրա ազդելու մանրակրկիտ մեխանիզմներ են մշակել եւ, ի տարբերություն ոմանց, խորհրդատվության համար որեւէ մեկին չեն վճարել: Նրա խոսքով, նախորդ 2 ամսվա ընթացքում երեւանցիների հետ հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում եւ հենց այդ հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շուրջ են մեխանիզմները մշակվել:




























