Խորհրդային Միության փլուզումից հետո Ղազախստանն այն երկրներից էր, որտեղ 90-ականներին առանց միջուկային զենքի նախաձեռնություն սկսվեց: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանում, «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվան» նվիրված գիտաժողովի ժամանակ նշել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ հավելելով, որ այն ժամանակ այդ նախաձեռնությանն աջակցեց 120 երկրներից շուրջ 300 հազար մարդ:
«Ղազախստանի «Նախագահ Նազարբաեւը խորհրդային կարգերի փլուզումից հետո շատ կարեւոր քաղաքական որոշում կայացրեց փակելով Սեմիպալատինսկիի պոլիգոնը: Այդ ուղղությամբ Ղազախստանի հաջորդ քայլը եղավ Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից զուրկ գոտիների ստեղծումը»,-ասաց նա:
Դեսպան Ուրազաեւը կոչ արեց միջուկային զենքի դեմ պայքարի նախաձեռնությանն ուղղված միասնական պլատֆորմ ստեղծել:
Համաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ կոչ արեց պետություններին ստանձնել նախաձեռնողականություն՝ օր առաջ կանխելու մարդկային ոչնչացման նոր զինատեսակների ստեղծումը, որոնք ըստ նրա հետեւանք են մի կողմից գիտատեխնիկական առաջընթացի, սակայն մյուս կողմից մարդկային ագահության եւ անզուսպ ամբիցիաների դրսեւորում են:
«Ով-ով, Հայաստանի բանակը, Հայաստանի ժողովուրդը շատ լավ գիտեն, թե ինչ կործանիչ ազդեցություն ունեն այն առաջին հայացքից գիտատեխնիկական հեղափոխական միջոցները՝ անօդաչու թռչող սարքերը, ռոբոտացված, ավտոմատացված միջոցները, որոնք պակաս կործանիչ չեն, քան միջուկային զենքերը»,- ընդգծեց Աշոտյանը:
Նշենք, որ օգոստոսի 29-ը Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր հայտարարելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2009 թվականի դեկտեմբերի 2-ին Ղազախստանի առաջարկով՝ կոչ անելով լայնորեն իրազեկել մարդկանց միջուկային փորձարկումների վտանգավոր հետեւանքների մասին:




























