Երեւանի մի շարք փողոցների անվանափոխությունը, որոնք անվանակոչված են ի պատիվ խորհրդային շրջանի գործիչների, Հայաստանում ամբողջ խորհրդային անցյալի դեմ պայքար չէ։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետարանի անդամ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս պարագայում խոսքը կոնկրետ անձնավորությունների դեմ պայքարի մասին է, որոնք, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կարծիքով, դավաճանել են հայ ժողովրդի ու հայկական պետականության շահերին։

«Նրանք նպաստեցին առաջին անկախ հայկական հանրապետության կործանմանը եւ հետեւաբար նրանց անուններով ոչ միայն Երեւանում դպրոցներ ու փողոցներ չպետք է անվանակոչվեն, այլեւ նույնիսկ հուշատախտակներ չպետք է լինեն»,- հստակեցրեց Ավինյանը։

Նրա կարծիքով՝ «հակապետական» գործիչների ցանկը գլխավորում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անաստաս Միկոյանը, ՌԽԴՍՀ գերագույն դատարանի նախագահ Սարգիս Կասյանը, հեղափոխական գործիչ, Բաքվի կոմիտեի անդամ Արսեն Ամիրյանը։

Դրա հետ մեկտեղ՝ Ավինյանը Երեւանի Ֆրունզե փողոցը պահանջում է վերանվանել ի պատիվ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների։

Լրագրողների հարցին, թե որքանո՞վ կարող է այս հարցը արդիական ու առաջնահերթ համարվել՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, պաշտոնյան պատասխանեց, որ այն եւս արդիական է։

«Չեմ կարծում, որ այս հարցը պետք է մի կողմ դնել։ Բոլոր հարցերը պետք է միաժամանակ լուծել։ Մեր կարծիքով՝ այս հարցն օրակարգում լինելու իրավունք ունի եւ քննարկումները եւս անհրաժեշտ են»,- նշեց Ավինյանը։