Ֆիլիպինցի բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի ժառանգները համաձայնվել են երկրին վերադարձնել Մարկոսի գողացած միջոցների մի մասը: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, հայտնում է Channel NewsAsia-ն:

Դուտերտեն նշել է, որ խոսքը ոչ թե գողացված ամբողջ գումարի մասին է, այլ դրա միայն մի մասի՝ ներառյալ մի քանի ոսկու ձուլակտորներ: «Սա այնքան էլ շատ չէ: Սա Ֆորթ Նոքսը չէ: Ընտանիքն ասում է, որ կբացահայտի եւ ամենը, ինչ գտնի կվերադարձնի»,- ասել է Դուտերտեն:

Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինների նախագահն է եղել 1965 թվականից, 1972 թվականին նա անձնական իշխանության ռեժիմ է հաստատել: Բռնապետը տապալվել է 1986 թվականին ժողովրդական ապստամբության արդյունքում: Մարկոսն ԱՄՆ է փախել եւ 3 տարի հետո մահացել է Հավայան կղզիներում:

Մարկոսի այրին՝ Իմելդան, երեխաների եւ թոռների հետ Ֆիլիպիններ վերադառնալու հնարավորություն է ստացել 1993 թվականին: Նա հայրենիք է բերել նաեւ ամուսնու աճյունը: Այն հուղարկավորվել է Մանիլայի Հերոսների գերեզմանատանը միայն այս տարի՝ Դուտերտեի միջնորդությամբ:

Բռնապետի բռնաճնշումներով ուղեկցվող կառավարման տարիներին նա եւ ընտանիքի անդամները յուրացրել են 5 մլրդ-ից մինչեւ 10 մլրդ դոլար: Մինչեւ հիմա իշխանությունները ամերիկյան դատարանի միջոցով կարողացել են վերադարձնել միայն 3,4 մլրդ դոլարը: Միջոցների մի մասը վերադարձնելուն համաձայնված ընտանիքը նշել է, որ դրանք ոչ թե գողացված, այլ վաստակած է համարում: