Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման եւ զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը եւ նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ այն միտված է ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը, որը նախատեսվում է իրականացնել պետության եւ մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Մասնավորապես, իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որով կկատարվի տիեզերական պատկերների վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա տվյալների հավաքագրում, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի վնասները գնահատել առավել օպերատիվ եւ ճշգրիտ:
Հիմնադրամի տնօրենը կարեւորել է նաեւ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:
Պատվիրակության ղեկավար Կլեմեն Գելհարն իր հերթին ընդգծել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման ու հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:




























