Էթինոլ լաքի այրման վտանգավորության մասին խոսելուց առաջ նախ պետք է պարզել, թե ինչ բաղադրությամբ լաք էթինոլ է այրվել, թերայրումից ինչ նյութեր են արտանետվել, դրանք ոքանով են վտանգավոր եւ ինչ խտություն ունեն օդի մեջ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր եւ գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» թեմայով քննարկման» ժամանակ նշել է քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանը:
Նրա խոսքով, լաք էթինոլը նյութի տեխնիկական անուն է, բայց մենք չգիտենք՝ ինչ է այրվել, քանի որ այն կարող էր ունենալ շատ տարբեր տեսակի բաղադրություն. քանի դեռ հայտարարված չէ բաղադրությունը, մենք չգիտենք վտանգավոր է դա, թե՝ ոչ:
«Քանի որ Լաքոթինոլը պոլիմերվող նյութ է, նրա պոլիմերումը կասեցնելու համար խառնում են որոշակի խոչընդոտող նյութեր: Իմ կարծիքով, հավանաբար, հենց այդպես էլ կատարվել է: Չի պահպանվել լաք էթինոլի պահպանման պահեստավորման տեխնոլոգիական գործընթացը, չի ապահովվել համապատասխան խտության արգելակիչ նյութերի քանակը եւ ընթացել է պոլիմերացում, ինչի արդյունքում ջերմության անջատում, ապա պայթյուն եւ հրդեհ», - ընդգծեց քիմիկոսը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, խնդիրը ոչ թե էթինոլի մեջ է, այլ մենք քլորոպրենային կաուչուկ ենք ստանում աշխարհի կողմից վաղուց մերժված վտանգավոր տեխնոլոգիայով:
Նա նաեւ հարցադրում արեց. «Իսկ եթե քլորոպերենային կաուչուկ այլեւս չենք ստանում, ապա լաքէթինոլը որտեղի՞ց: Եթե այն կորցրել է իր պահպանման ժամկետը, ապա թափոն է համարվում, իսկ եթե տեխնոլոգիական նյութ է հետագա օգտագործման համար, ապա ինչո՞ւ չի վաճառվել: Սա կարեւոր խնդիր է, որովհետեւ թափոնների պահպանությամբ զբաղվում է նաեւ բնապահպանության նախարարությունը, նա է հաշվարկում երկրում պահվող վտանգավոր թափոնների ցուցակը: Ես թերթեցի այդ ցուցակը եւ լաքէթինոլը այնտեղ մտցրած չէր»:
Իր հերթին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դժգոհություն հայտնեց Առողջապահության նախարարության աշխատանքի հետ կապված: Նրա խոսքով, այդ գերատեսչությունը շատ ուշ արձագանքեց դեպքին՝ թողնելով մարդկանց խուճապի մեջ. «ԱՆ հանգստությունը արտակարգ իրավիճակում բավական տարօրինակ էր. 5 ժամ հետո հայտարարություն արեցին, այնինչ պետք է միանգամից արձագանքեին ու մարդկանց ասեին՝ ինչ անել, պարզագույն խորհուրդներ պետք է տային, քանի որ անգամ այդ ծուխը կարող էր վնասակար լինել, իսկ մարդիկ խուճապի մեջ էին, գրում էին, զանգում էին մեզ, չգիտեին ինչ անել»:


























