Ադրբեջանական Turan գործակալության կալանավորված խմբագիր Մեհման Ալիեւի փաստաբան Ֆարիզ Նամազլըն մտադիր է դիմել ՄԻԵԴ-ին։
Փաստաբանը հայտարարել է, որ Մեհման Ալիեւի կալանքն ապօրինի է։ Նրա խոսքով՝ դատարանում պաշտպանությունն ապացուցել է, որ մեղադրանքները կեղծ են, եւ գործում նույնիսկ հիմնարար կասկածներ չկան՝ Ալիեւին կալանքի տակ վերցնելու համար։ Նամազլըն ուշադրություն է դարձրել, որ Ալիեւին առաջադրված մեղադրանքները տնտեսական բնույթի են։ Փաստաբանն ասել է, որ իր կարիերայի ընթացքում երբեք չի հանդիպել դեպքերի, երբ այդ հոդվածով մեղադրյալներին նախաքննության ընթացքում կալանքի տակ են վերցնում։ Եվ այդ հոդվածներով Turan-ի տնօրենի կալանքը քաղաքական բնույթ է կրում ու պատվիրված է։
Մեհման Ալիեւը կալանավորվել է օգոստոսի 24-ի առավոտյան։ Հաջորդ օրը նրան հարկերից խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքներ են առաջադրել։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ Ալիեւը կալանքի տակ կմնա մինչեւ նոյեմբերի 7-ը։




























