Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի եւ ՉԺՀ Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ինչպես քաղաքի պետական մարմինների պաշտոնյաներ ու պատասխանատու աշխատակիցներ, այնպես էլ չինական մի քանի հայտնի ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՉԺՀ-ում ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության ու ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ 

Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել  Ցինդաո քաղաքի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի առիթով, նաեւ հույս հայտնել, որ այն կլինի հետաքրքիր եւ արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ կան լավ նախադրյալներ եւ  երկու կողմերի ցանկություն՝ խթանելու այն:

«Չնայած Չինաստանի հետ ունենք առեւտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, եւ մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական վերամշակված գյուղմթերքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները եւ ակնկալիքները։ Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով:

Տիկին Լյու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Ցինդաո քաղաքի գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նա առանձնակի կարեւորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ` Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է երկու համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար եւ աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել չինական կողմին փոխանցել չինարեն տեղեկատվություն Հայաստանի տնտեսության գրավչության, ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ այն Ցինդաո քաղաքի գործարար շրջանակներին փոխանցելու համար։ Կողմերը պայմանավորվորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկումներ եւ հանդիպումներ կազմակերպել։