Անհրաժեշտության դեպքում Հայաստանը Եվրասիական միությունում իր տեսակետը կհայտնի ԵՏՄ-ի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության հարցով: Օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

ԵՏՄ-ի հետ համագործակցության ցանկության մասին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարայանը հիշեցրեց, որ ԵՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով:

«Երբ գործը հասնի որեւէ որոշում կայացնելուն, Հայաստանի կառավարությունը կհայտնի իր տեսակետը»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության հետ մաքսային համաձայնագիր ստորագրել: «Չխախտելով Եվրամիության հետ համապատատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ հետ եւս համագործակցություն հաստատել»,- ճշգրտել է Զեյբեքչին: