Օգոստոսի 27-31-ը Մոսկվայում անցկացվում է Bee-Buyer միջազգային գործարար հարթակը, որտեղ նախապես կազմակերպված հանդիպումների ընթացքում ռուսական գնորդները ծանոթանում են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում ստեղծված «5900 BC» ապրանքանիշի հայկական նորաձեւ հագուստի հավաքածուներին եւ քննարկում գործնական կապերի ստեղծման նոր հնարավորությունները։

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Մոսկվայի «Expocentre» կենտրոնում անցկացվում է Արեւելյան Եվրոպայի խոշորագույն CPM  նորաձեւության միջազգային ցուցահանդեսը, որտեղ 27 մասնակից երկրներ ներկայացնում են 1000 հավաքածու։ Հայկական նորաձեւության «5900 BC» ապրանքանիշն այս միջոցառմանը մասնակցում է հինգերորդ անգամ՝ ներկայանալով իր վեցերորդ՝ գարուն/ամառ 2018 հավաքածուով: Ավելի քան 22 000 այցելուների զգալի մեծամասնությունը կազմում են նորաձեւ հագուստի արտադրության եւ վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ: Ապրանքանիշն առաջին անգամ ներկայանում է նաեւ նորաձեւ կոշիկների հավաքածուով։ Հագուստի նորաստեղծ գարուն-ամառ 2018 հավաքածուն երեք օր շարունակ կներկայացվի նաեւ ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող նորաձեւության ցուցադրությունների  ընթացքում։ Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Հայաստանի հագուստի եւ կոշկեղենի արտադրության ոլորտը ներկայացնող ծրագրի 16 շահառու ընկերություններ։

«5900 BC» ապրանքանիշը ՄԱԱԶԿ (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրում ընդգրկված հագուստ եւ կոշկեղեն արտադրող հայ մասնագետների եւ իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:

2014թ. սեպտեմբերին մեկնարկած ծրագիրը միտված է Հայաստանում հագուստի եւ կոշկեղենի արտադրության ավանդույթների վերականգնմանը եւ զարգացմանը: 2017 թվականին մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը ՄԱԱԶԿ եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի միջեւ ստորագրված հուշագրով՝ ներգրավելով այս անգամ նաեւ կոշիկի արտադրության ոլորտը։

ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով, Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսներին, մասնավորապես այսօրվա ցուցահանդեսին Հայաստանի շուրջ 16 արտադրողների մասնակցությունը եւ հաջորդ մասնակցությունը խոսում է այն մասին, որ այն ծրագրերը, որոնք մշակված են Հայաստանում, մասնավորապես ՀՀ կառավարության եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից տալիս են իրենց ռեալ արդյունքները:

«Դրա մասին է վկայում նաեւ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը: Ես կարող եմ մեծ պարծանքով նշել, որ 2016թ եւ 2017թ. առաջին կիսամյակի կտրվածքով պատրաստի հագուստի ներմուծումը ռուսական շուկա աճել է ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի տասնյակ անգամ: Եվ տեսնելով այս հետաքրքրությունը, կարող եմ ասել, որ մեր արտահանման ծավալների աճի դինամիկան հաջողությամբ կշարունակվի: Հույս ունենք, որ տարեվերջին մենք կտեսնենք ավելի զգալի աճ, հայաստանյան թեթեւ արդյունաբերության արտադրանքի ռուսական շուկա ներմուծման»,-ասել է նա:

Իր հերթին ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը նշել է. «2017թ. կլինի բեկումնային տարի թեթեւ արդյունաբերության զարգացման համար: Դրան նպաստել է իհարկե եւ կառավարության աջակցությունը` ի դեմս տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, UNIDO-ի եւ՛ միջազգային եւ՛ ազգային փորձագետների անմիջական աջակցությունը հագուստի եւ կոշիկի ոլորտում: Առաջին անգամ այստեղ ներկայացված է նաեւ հայկական կոշիկը եւ կարծում ենք, որ CPM–ում  սա կլինի հետաքրքիր նաեւ ռուսական գնորդների համար:

Ռուսական ցանցերը պատրաստակամ են տեղադրելու նորանոր պատվերներ եւ ընդլայնելու իրենց համագործակցությունը Հայաստանի հետ»:

Ռուսական ցանցի ներկայացուցիչ Մակսիմ Կլիշենկոն տպավորված է հայկական տաղավարով. «Սկսում ենք աշխատել Յունիդո ծրագրի հետ: Շատ հետաքրքիր ծրագիր է, շատ պրոֆեսիոնալ թիմ է: Հիմա Հայաստանի արտադրությունը վերելք է ապրում:  Շատ մեծ ներդրումներ են արվում, ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ներդրողների կողմից: Այնպես, որ հուսով ենք, որ հաջորդ սեզոնին արդեն կունենանք փորձնական պատվերներ, իսկ հետագայում նաեւ մասսայական»:

Ռուսական ցանցի ներկայացուցիչ, արտադրության գծով տնօրեն  Իրինա Մակայեդն էլ իր խոսքում նշում է. «Դեռեւս նախորդ ցուցահանդեսի շրջանակում չկարողացա անտարբեր մնալ հայկական տաղավարի նկատմամբ: Հաստատեցինք կապեր, այցելեցի Հայաստան, եղա մի քանի ձեռնարկություններում, քանի որ մենք ինքներս էլ առեւտրա-արտադրական ընկերություն ենք եւ մտադրություն ունենք նոր հարթակներ գտնելու: Շատ տպավորված եմ Հայաստանով, հատկապես աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, թեթեւ արդյունաբերության ոլորտի նկատմամբ ուշադրությամբ»: