Հայաստանի Առողջապահության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների  համագործակցության շրջանակում, Չինաստանից Հայաստան առաքվող ժամանակակից տեխնիկայով հագեցած 80 շտապօգնության մեքենաները դեկտեմբեր ամսին արդեն պետք է լինեին Հայաստանում, բայց դեռ տեղ չեն հասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով այդ կապակցությամբ վերջերս մեկ շաբաթով մեկնել էր Չինաստան:

«Մենք հույս ունեինք, որ շտապօգնության մեքնենաները  դեկտեմբեր ամսին Հայաստանում կլինեին: Այդուհանդերձ, ծրագիրն սկսված է, այդ ուղղությամբ  բազմակողմանի քայլեր ենք կատարում: Առաջինը 1,5 միլիարդով ավելացնելու ենք ոլորտի ֆինանսավորումը, ինչը թույլ կտա կրկնապատել աշխատավարձերը: Այս քայլը կլրջացնի շտապօգնության ծառայության մթնոլորտն ու վարկանիշը կբարձրացնի»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2014 թվականը  ծրագրել են բարեփոխել Հայաստանի շտապօգնության ծառայությունը:

Քուշկյանը վստահեցրել է, որ բարեփոխումից հետո բժիշկները սիրով աշխատելու են շտապօգնությունում, ինչից նախկինում խուսափում էին. «Դա ծանր եւ ցածր վարձատրվող աշխատանք է, քանի որ ամբողջ գիշեր  մեքենայի մեջ տարբեր քանակությամբ կանչերի պետք է գնաս: Չգիտես ինչու այն համարվել է նաեւ ոչ շատ պատվաբեր»,-մանրամասնել է նախարարը, հավելելով. «Ես նույնպես սկսել եմ շտապօգնությունից, հերթապահել Աշտարակի շրջանում, սպասարկել 25 գյուղ: Շտապօգնության որակից է կախված մարդու փրկությունը, դրա համար ուզում ենք մեր շտապօգնության ծառայության վարկանիշը բարձրացնել: Հույս ունեմ, որ շատ շուտով կունենանք բավականին լուրջ շտապօգնության ծառայություն»:

Նշենք, որ Ժամանակակից շտապօգնության ծառայության ներդրումը ենթադրում է մասնագետների` ընդհուպ մինչեւ վարորդների պատրաստում: