Լիտվայի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարին 10 օրով ավելի կտեւի. կրթական հաստատություններում զինվորական պատրաստության դասեր կավելանան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սովորողներին շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հաջողություններ է մաղթել ոչ միայն գիտելիքներ յուրացնելու, այլեւ նոր ընկերներ ձեռք բերելու գործում: «Դպրոցական ընկերներն ամբողջ կյանքում են մնում»,- հավելել է Լիտվայի նախագահը:
Ուսումնական տարվա գլխավոր նորարարությունն այն 10 օրով երկարացնելն է. կառավարությունը սատարել է կրթության նախարար Յուրգատա Պետրաուսկենեի գաղափարը:
Նախարարի խոսքով՝ Լիտվայում ուսումնական տարին (32 շաբաթ՝ առաջին դասարանցիների, 34 շաբաթ՝ մյուս դասարանների համար) ամենակարճն է Եվրոպայում (բազմաթիվ երկրներում՝ 37-40 շաբաթ): Դպրոցական ծրագիրը, սակայն, լուրջ փոփոխությունների չի ենթարկվի, փոխարենը ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ կբաշխեն:
Ավագ դասարանների համար այս տարի ռազմական նախապատրաստության դասընթացներ կավելացնեն: «Խոսքը հայրենասիրական դաստիարակության, Լիտվայի անվտանգությանն ուղղված սպառնալիքների սահմանման, հայրենիքի պաշտպանության թեմայի, քաղաքացիական պաշտպանության մասին է»,- ասել է վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Դպրոցական համապատասխան ծրագիրը նախապատրաստվել է պաշտպանության նախարարության հետ միասին:




























