Ամերիկացի ընտրողների մեծ մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «կռվարար» է համարում, որն ասում է այն, ինչ մտածում է: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով Fox հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման արդյունքները:
Հարցման նպատակն էր իմանալ, թե ամերիկացի ընտրողները ինչպիսի բառեր կկիրառեին նախագահին նկարագրելիս:
Հարցմամբ պարզվել է, որ ամերիկացի ընտրողների 90 տոկոսը Թրամփին նկարագրելիս կօգտագործեր «ասում է այն, ինչ մտածում է» արտահայտությունը: 73 տոկոսի կարծիքով՝ նախագահի համար, այս կամ այն չափով, կիրառելի է «կռվարար» բառը:
52 տոկոսը հայտարարել է, որ Թրամփին ինչ-որ չափով կարելի է «ուժեղ առաջնորդ» անվանել, իսկ 54 տոկոսը նրան անվանել է «ինչ-որ աստիճանով լավատեղյակ»:
Չնայած հարցվածների 44 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդին «չափազանց անկայուն» է համարում, այս կարծիքին մասամբ է համաձայնվել 16 տոկոսը՝ խոստովանելով, որ նրան «մասամբ անկայուն» կհամարեր:




























