Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հուղարկավորել են Արցախում սեպտեմբերի 1-ին ականապայթյունային մահացու վիրավորում ստացած Հայկ Խաչատրյանին։ NEWS.am-ին Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը հայտնեց, որ զինծառայողին հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերները։ Հայկին հողին են հանձնել զինվորական կարգով։

Գյուղապետ նշեց, որ Հայկը մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ բարձրացել է բլուր, որից էլ պատահականորեն սայթաքել ու ընկել է ականապատ տարածք եւ տեղում մահացել է։ Նա 8 ամիս առաջ էր մեկնել ծառայության:

19-ամյա Հայկ Խաչատրյանը տան ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու եղբայր:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Խաչատրյանը: