ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար տարբեր տարիներին հատկացված դրամաշնորհներից գումար հափշտակելու համար հետախուզվողը ներկայացել է իրավապահ մարմիններին։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178՝ Խարդախությունը եւ 325՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը հոդվածներով։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար տարբեր տարիներին հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 409 մլն դրամ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ այս գործով կա 14 մեղադրյալ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Նրանցից երկուսը հետախուզվում են։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


























