ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները վճռականորեն դատապարտում են կիրակիր Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումը եւ Կորեական թերակղզու միջուկային խնդրի շուրջ երկխոսության կոչ անում։ Այս մասին ասված  է «հնգյակի» առաջնորդների ընդունած հռչակագրում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության իրականացրած միջուկային փորձարկումը։ Մենք խորապես մտահոգված ենք Կորեական թերակղզու շուրջ երկար ժամանակ պահպանվող ու չթուլացող լարվածության պատճառով եւ ընդգծում ենք, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով ու շահագրգռված կողմերի անմիջական երկխոսության միջոցով», - ասվում է երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթում։

Սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար։ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան չեն բացառել ռազմական պատասխանի հավանականությունը։