Հայաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի Agile Spirit – 2017 զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելը կբացատրեն Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնելու ցանկությամբ։ Տեսնենք, թե  ինչպես են Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները վատթարանում Բաքվի՝ այդ զորավարժություններին մասնակցելուց հետո։ Այս մասին սեպտեմբերի 4-ին՝ «Իրադարձություններն ու փոփոխությունները՝ Մաքսային միություն մուտք գործելու մասին Հայաստանի հայտարարությունից 4 տարի անց» քննարկումների ժամանակ, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Փորձագետը բացասական է գնահատել հայկական կողմի՝ Agile Spirit – 2017 զորավարժությունների մասնակցությունից  հրաժարվելը: «Դա խոսում է պետության անկազմակերպվածության մասին։ Ես կցանկանայի, որ Հայաստանն այդ զորավարժություններին մասնակցեր»,-նշեց Պապյանը։ 

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակության կապերի հետ պատասխանատու Գեորգի Կաչարավան հայկական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում մասնակցել Agile Spirit – 2017 զորավարժություններին (սեպտեմբերի 3 – 11-ը)։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր Վրաստանում Agile Spirit – 2017 զորավարժություններին մասնակցելու մասին։ Բայց, ցավոք, վերջին պահին մեր հարեւանները մասնակցությունից հրաժարվեցին»,-նշել է Գեորգի Կաչարավան։ Հայաստանի ՊՆ-ում այս որոշումը դեռ չեն մեկնաբանում։