Այս տարվա Կարեն Կարապետյանը եւ անցյած տարվա Կարեն Կարապետյանը բոլորովին այլ քաշային կատեգորիայի գործիչներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, քաղաքագետ, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր  Սուրեն Զոլյանը։

Զոլյանի խոսքով՝ նախորդ տարի Կարեն Կարապետյանը ավելի եռանդուն էր գործում, վստահության պաշարներն ավելի շատ էին, հիմա բոլորովին այլ պատկեր է։

«Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը մնալու է հանրապետության ղեկավար, ով էլ որ նշանակվի վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա անցյալ տարվա  Կարեն Կարապետյանը եւ այս տարվա Կարապետյանը բոլորովին  այլ քաշային կատեգորիաների գործիչներ են: Այն, որ 2018-ից  ղեկավար, առաջնորդ  մնալու է Սերժ Սարգսյանը՝ անկախ պաշտոնից, դրա համար արդեն արվել են սահմանադրական փոփոխությունները»:

Դիտարկմանը՝ քաշային տարբեր կատեգորիաներ մատնանշելով՝ ի՞նչ նկատի ունի, Սուրեն Զոլյանն արձագանքեց․ «Կարապետյանը շատ ավելի եռանդուն էր գործում եւ այն ժամանակ նա  ուներ վստահության  պաշարներ, դրանք ավելի մեծ էին, սակայն այս մեկ տարվա ընթացքում  դժվար է նկատել շոշափելի փոփոխություններ, բոլորովին այլ պատկեր է։  Ինքը ցույց տվեց, որ ինքը գործի մենեջեր է, ոչ թե քաղաքական առաջնորդ, նա այդպես էլ չդարձավ,  քաղաքական գործիչ»,-ասաց Սուրեն Զոլյանը:

Չնայած 2018-ին սպասվող փոփոխություններին՝ Սուրեն Զոլյանը քաղաքական դաշտում ակտիվություն չի կանխատեսում։  Հեգնեց, թե անգամ դերասան Յոժը՝ Սերգեյ Դանիելյանն է մոռացել իր քաղաքական նախաձեռնության մասին։