2017 թ. ապրիլին Մ. Ս.-ի բնակարան են այցելել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի 2 աշխատակից եւ հայտնել, որ իրենց «Ստեփանակերտի քրեականի պետ Ջալավյանն է ուղարկել»: Ոստիկանների միջոցով վերջինս հեռախոսազրույց է ունեցել Մ. Ս.-ի հետ եւ ասել, որ նա կամ պետք է ներկայանա ԼՂՀ Ոստիկանություն, կամ ուղարկի իր նկատմամբ դեռեւս 1989 թ. հունիսի 29-ին կայացված դատավճիռը: Այդ մասին հայտնումէ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Մ. Ս.-ի փոխանցմամբ՝ 1989 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռեւս խորհրդային կարգեր էին տիրում, ազատազրկման է դատապարտվել զենքի ապօրինի ձեռքբերման պատճառով եւ սկզբնական շրջանում պատիժը կրել Շուշիում: Ապա նրան տեղափոխել են Աստրախան քաղաքի քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ փախուստի է դիմել ու վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու նպատակով:
Այս տեղեկությունները Մ. Ս.-ն հայտնել է 2017 թ. մայիսին, երբ իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Կազմակերպությունը 2017 թ. մայիսի 5-ին դիմել է Ստեփանակերտի ոստիկանության վարչություն՝ Մ. Ս.-ին ԼՂՀ ոստիկանություն հրավիրելու պատճառների եւ նրա ունեցած դատավարական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
2017 թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ոստիկանության պետ Ա. Հակոբջանյանը պատասխան գրությամբ տեղի ունեցածը մեկնաբանել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի առաջին ատյանի դատարանից ստացված գրությամբ:




























