ԱՄՆ Օհայոյի նահանգում ոստիկանը վիրավորել է լրագրողին՝ շփոթելով նրա ֆոտոխցիկը զենքի հետ։ Այս մասին գրում է New York Daily News-ը։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Նյու Քարլայլ քաղաքում։ Տեղական New Carlisle News թերթի ֆոտոթղթակից Էնդի Գրիմմը ռեպորտաժի նոր կադրեր նկարելու համար նկարահանման վայրում մեքենայից հանել եւ տեղադրել է ֆոտոխցիկն ու շտատիվը, ապա՝ սկսել կարգավորումներ անել։ Աչալուրջ ոստիկանը, առանց նախազգուշացման տարածքում հայտնված լրագրողին տեսնելով, կրակել է՝ նրա տեխնիկան շփոթելով զենքի հետ։ Ինչպես հետագայում հայտնել է տուժողը, տեսնելով, որ սխալվել է եւ վիրավորին օգնության հասնելով՝ ոստիկանն ասել է․ «Ներեցեք, ես մտածում էի, թե սա թնդանոթ է»։
Աղբյուրը նշում է, որ վիրավոր լրագրողին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել. նրա կյանքին վտանգ չի սպառնում։




























