Հուրգադայում վիրավորված Հայաստանի քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու եւ լրացուցիչ վիրահատությունների կարիք չունի. հայրենիքում նա ամբուլատոր բուժում կստանա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը։
Կինը վիրավորվել էր այս տարվա հուլիսի 14-ին, Հուրգադա եգիպտական հանգստավայրում, երբ դանակով զինված տղամարդը հարձակվել էր զբոսաշրջիկների վրա։ Արտակ Հովհաննիսյանի խոսքով՝ կինը դանակի 16 հարված է ստացել. վնասվել էր նրա լյարդը։ Հուրգադայում կնոջը վիրահատել էին, սակայն դրանից հետո բարդություններ էին առաջացել, ինչի պատճառով նրան տեղափոխել էին Կահիրեի կենտրոնական հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան նոր վիրահատություններ էին սպասում։
Նրա բուժման համար բժշկական խորհրդատվություններին եւ բուժումը կազմակերպելուն մասնակցել է նաեւ Արտակ Հովհաննիսյանը, որը հատուկ դրա համար Կահիրե էր մեկնել։
Կահիրեի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կինը Հայաստան է տեղափոխվել։ Նրան զննելուց հետո հայ մասնագետները որոշել են, որ հոսպիտալացման կարիք չկա։
Մասնագետը նշեց, որ տուժածի վերքերը նորմալ սպիանում են, ջերմություն կամ այլ խնդիրներ չկան։


























