Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ փողերի լվացման սխեմայի մասին Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի վերջին հետազոտությունը ամուր փաստագրական բազա ունի, այս մասին հայտնել է OCCRP-ի գործադիր տնօրեն Փոլ Ռադուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր զեկույցը հիմնված է ծանր աշխատանքի ու ծանրակշիռ փաստերի վրա»,- հայտնել է Ռադուն, կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին «զբաղվել այն հարցերով, որոնք վերհանված են այդ հետազոտություններում»։ «Պետք է պատասխաններ տալ այն մասին, թե ինչպես են նրանք ծախսել Ադրբեջանի ժողովրդի փողերը»,- հավելել է Ռադուն։
Guardian-ի տվյալներով, Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։
Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։


























