Հայ-ռուսական նոր միացյալ հակաօդային համակարգը գլխավորում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի  պետը։  Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակում է կատարել իր անմիջական պարտականությունները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելը։ «Եթե մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք սկսում, ապա խոսքը փոխադարձ պարտավորվածությունների մասին է»,-ընդգծեց Զաքարյանը։

Անդրադառնալով խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտողությանը, որ ՀՀ Տավուշի մարզի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ ռուսական կողմը ոչ մի քայլ չձեռնարկեց,  պաշտպանության փոխնախարարն ասաց․ «Տավուշի վրա հարձակումների ժամանակ մենք երբեք չենք դիմել ո՛չ ռուսական կողմին, ո՛չ ՀԱՊԿ-ին։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Եվ ես վստահ չեմ, որ առաջիկայում նման անհրաժեշտություն կծագի։ Դրա անհրաժեշտությունը միայն շատ լուրջ իրադարձությունների պարագայում է ծագում»։

Ի պատասխան Սասուն Միքայելյանի հարցին՝ արդյոք կարող է Հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմավորումը ինչ-որ մի պահի Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հանգեցնել, Զաքարյանը հստակեցրեց․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության դեպքում այս համաձայնագիրը չի կիրառվում, այսինքն՝ պարտավորվածությունները ԼՂՀ-ի վրա չեն տարածվում։ Այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին»։ Փոխնախարարը նշեց, որ այսպես թե այնպես Հարավային ռազմական շրջանի անվտանգության տարածքում ներառված է նաեւ Հարավային Կովկասը։  «Այդ պայմաններում Հայաստանի հետ համագործակցությունը Ռուսաստանին շատ ձեռնտու է։ Մեզ համար եւս Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ ձեռնտու է։ Մեր խնդիրն է՝ մեր զինծառայողների համար համագործակցության ավելի լայն բազա ունենալը։ Աշխարհը մեզ չի սպասում, տեխնոլոգիաներն ու սպառնալիքներն այնքան արագ են փոփոխվում, որ մենք պետք է հասցնենք նրանց հետեւից»,-հավելեց Արտակ Զաքարյանը։