Սպառազինությունների մեծ մասը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից, բայց մոտ ապագայում այլ երկրներից զենքի ներկրման նոր նախաձեռնություններ կլինեն։ Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական «Ծառուկյան» խմբավորման պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Անդրադառնալով հանձնաժողովում քննարկվող Ռուսաստանից եւ այլ երկրներից ներմուծվող զենքը ավելացված արժույթի հարկից ազատելու հարցին՝ պատգամավորը նշեց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հայրենակիցներից բազմաթիվ նվիրաբերություններ ստացվեցին, եւ դրանք եւս պետք է ազատվեն ավելացված արժույթի հարկից։ Ապրիլյան օրերին դեպքեր եղան, երբ մեր հայրենակիցները նվիրաբերություններ արեցին Պաշտպանության նախարարությանը, սակայն ստիպված էին ԱԱՀ վճարել»,-ասաց Դավիթ Մանուկյանը։
Խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին՝ պատգամավորն ընդգծեց․ «Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն անընդունելի է։ Չեմ կարծում, որ մենք Ռուսաստանին կկարողանանք արգելել դա անել։ Բայց որպես պատգամավոր, որպես Հայաստանի քաղաքացի՝ ես դեմ եմ, որ Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանին զենք վաճառի»։


























