ԱՄՆ Ջորջիա նահանգում ոստիկանները սպանել են այն վագրին, որը հայտնվել էր Ատլանտայի թաղամասերից մեկում, հայտնում է BuzzFeed News-ը։
Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ առավոտյան արթնացել է իր շան հաչոցից։ Պատուհանից կինը տեսել է ոստիկանական մեքենաների լուսարձակները։ «Ես գլուխս հանեցի, որ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ոստիկաններից մեկն ասաց, որ ես անմիջապես տուն մտնեմ ու փակեմ դռներն ու պատուհանները»,- պատմում է կինը։
Դրանից հետո կինը դարձյալ լսել է իր շան վնգստոցը։ «Ըստ երեւույթին հենց այդ ժամանակ էր վագրը հարձակվել շան վրա ու ոստիկանները սկսել էին կրակել»,- հավելել է նա։
Հիմա ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպես է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում վագր հայտնվել։ Ոստիկանների խոսքով՝ հնարավոր է կենդանին փախչել էր մոտակայքում գտնվող կենդանաբանական այգուց։ Սակայն այգու աշխատակիցները հայտնել են, որ ոչ մի կենդանի իրենց մոտից չի կորել։ Վագրի հարձակման հետեւանքով շունը չի տուժել։




























